Դամասկոսը արաբական աշխարհում երկրորդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
14.02.2020 | 00:55
Երեկ Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հաստատելով, որ Հայոց ցեղասպանությունն իրագործվել է Օսմանյան կայսրության կողմից Սիրիայի և Արևմտյան Հայաստանի տարածքներում: Երեկ նաև մամուլի ասուլիս է տվել Հայաստանում Սիրիայի դեսպան Մոհամեդ Հաջ Իբրահիմին: Նա նշել է. «Սիրիայի խորհրդարանն այսօրվա նիստի ընթացքում ընդունել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին: Նաև դատապարտվում է ցանկացած կողմից որևէ փորձ՝ ժխտելու այս ոճրագործությունը և խեղաթյուրելու պատմական ճշմարտությունը: Բանաձևը հաստատում է, որ այս ոճրագործությունը մարդկության դեմ ամենադաժան, ամենասարսափելի հանցագործություններից մեկն է»: Սիրիայի խորհրդարանը կոչ է արել աշխարհի բոլոր խորհրդարաններին, միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
«Այսօր Սիրիայի ժողովրդի դեմ սարսափելի արարքներ իրականացնող ահաբեկչական խմբավորումները նրանց թոռներն են, ովքեր ժամանակին ցեղասպանություն իրագործեցին հայերի և մյուս ազգերի դեմ: Թուրքիան այժմ ագրեսիա է կատարում Սիրիայի դեմ և ահաբեկչական խմբավորումները, որոնք գործում են Իդլիբում և այլ շրջաններում, աջակցություն են ստանում Թուրքիայի կառավարության կողմից»,- ասել է նա: Դեսպանն ընդգծեց, որ ցեղասպանությունից փրկված և Սիրիա տեղափոխված հայերը մշտապես Սիրիայի հասարակության անքակտելի մաս են կազմել: Հայերը Սիրիայում շարունակել են ապահով ապրել՝ պահպանելով կրոնը, լեզուն, ինքնությունը: Սիրիայում բազմաթիվ եկեղեցիներ կան, որ հավերժացնում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, այս տարի Սիրիայի դպրոցական դասագրքերում ներառվել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունը:
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր, բանաձևի ընդունման նախաձեռնող Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական հանձնախմբի անդամ Նորա Արիսյանը, նշել է, որ փաստաթղթում հստակ օգտագործված է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը և այն դատապարտելու, ճանաչելու հանգամանքը: «Խորհրդարանը դատապարտում է ցեղասպանության ուրացման և պատմության նենգափոխման յուրաքանչյուր փորձ և հաստատում, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ գործադրված ամենից դաժան ոճիրն է։ Խորհրդարանը կիսում է բարեկամ հայ ժողովրդի ցավը»,- նշված է բանաձևում: Նորա Արիսյանը շեշտել է, որ խորհրդարանի պատգամավորները բուռն ու հոտնկայս ծափողջյուններով են ողջունել Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները ծափերով շնորհակալություն հայտնեցին Սիրիայի խորհրդարանին: Իսկ ասուլիսում հարցին, թե ինչու է միայն այսօր Սիրիայի խորհրդարանն ընդունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, դեսպան Մոհամեդ Հաջ Իբրահիմին պատասխանել է. «Հայերի ջարդերը միշտ հիշատակվել են Սիրիայում՝ այն միջոցառումների միջոցով, որոնք տեղի են ունեցել Սիրիայի այն շրջաններում, որտեղ հայերն ապրում են: 2015 թ. Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին մասնակցել է Սիրիայի խորհրդարանի այդ ժամանակվա նախագահը, և այդ տարի խորհրդարանը հայտարարություն է տարածել, որում նշվել է, որ ցեղասպանություն է իրագործվել հայերի դեմ»: Իհարկե, դեսպանը չէր կարող ասել, բայց ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Դամասկոսի քաղաքական պատասխանն է Անկարային: Արաբական աշխարհում Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր միայն Լիբանանը, Սիրիան դարձավ երկրորդ պետությունը: Թուրքիան արձագանքել է անմիջապես՝ բանաձևը որակելով սկանդալային:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ